Մարտունու ոստիկանների տեղեկությունը հաստատվեց․ հայտնաբերվել է մարիխուանայով 37 փաթեթ
Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին հունվարի 24-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ժամը 17-ին բաժին ներկայացվեց Աստղաձոր գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, նա հայտնեց, որ բակում կայանված «Վոլքսվագեն» և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի մեքենաներում թմրամիջոց է պահում։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Զննությամբ «Վոլքսվագենի» սրահում հայտնաբերվեց 36 փաթեթ՝ ընդհանուր մոտ 83 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով, իսկ «Օպելում»՝ կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ զանգվածները մարիխուանա են, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
