«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխություններն ապահովում են ՀՀ քաղաքացիության տրամադրումը Հայաստանում ծնված ապաքաղաքացի երեխաներին
ՀՀ Ոստիկանությունը և ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2015 թվականի մայիսի 7-ին «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ փաստելով, որ այս փոփոխությունները առաջընթաց են Հայաստանի Հանրապետության՝ ապաքաղաքացիության կանխարգելմանն ու կրճատմանն ուղղված ջանքերի համատեքստում: Փոփոխությունների ընդունման առիթով ՀՀ Ոստիկանության պետ, պարոն Վլադիմիր Գասպարյանն ու Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիսթոֆ Բիվիրթը հատկապես կարևորեցին ՄԱԿ-ի ՓԳՀ-ի և ՀՀ ոստիկանության համատեղ արդյունավետ աշխատանքը իրավաստեղծ նախաձեռնությունների և ապաքաղաքացիության խնդրիրների ընդհանուր լուծումների ոլորտում:
Ընդունված փոփոխություններն ուղղված են կատարելագործելու ՀՀ քաղաքացիության մասին օրենսդրությունը՝ այն դարձնելու առավել ներդաշնակ միջազգային պարտավորությունների հետ: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուն պես, մասնավորապես, կերաշխավորվի ՀՀ քաղաքացիության տրամադրում ՀՀ տարածքում ծնված այն երեխաներին, ովքեր այլապես կդառնային ապաքաղաքացի, ինչպես նաև կնախատեսվեն մի շարք այլ իրավական գործիքներ` ուղղված երեխաների ապաքաղաքացիության կանխմանը:
Օրենսդրական բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է դիտարկվեն ՄԱԿ ՓԳՀ-ի՝ 2014 թվականին առաջ քաշած համաշխարհային նախաձեռնության համատեքստում (ՄԱԿ-ի՝ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության մեջ ներգրավումից 60 տարի անց), որի նպատակն է 10 տարում վերացնել ապաքաղաքացիության երեւույթը: Ապաքաղաքացիության խնդիրը իրավական անորոշություն է առաջացնում քաղաքացիություն չունեցող միլիոնավոր անձանց իրավունքների պաշտպանության հարցում. Ներկայումս աշխարհում գրեթե 10 միլիոն մարդ չունի որևէ երկրի քաղաքացիություն, և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ծնվում է ապաքաղաքացի երեխա: Իրավունք չունենալով ձեռք բերել քաղաքացիություն՝ նրանք կարող են զրկված լինել այն իրավունքներից և ծառայություններից, որոնք տվյալ պետությունը սովորաբար տրամադրում է իր քաղաքացիներին: Ապաքաղաքացիության հետ կապված խնդրիները մի շարք երկրներում շարունակում են մնալ չլուծված, և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ջանքերը` ուղղված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում համապատասխան դրույթներ նախատեսելուն և փոփոխելուն, շատ բարձր են գնահատվում:
Վերջին տասնամյակում ողջ աշխարհում իրականացվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունները թույլ են տվել ավելի քան 4 միլիոն քաղաքացիություն չունեցող անձանց ձեռք բերել քաղաքացիություն կամ ստանալ իրենց քաղաքացիության հաստատումը: Հուսով ենք, որ «ՀՀ քաղաքաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն կտան քաղաքացիություն ձեռք բերել այն անձանց, ովքեր հակառակ դեպքում կլինեին ապաքաղաքացի:
Այս նշանակալի զարգացումը ցույց է տալիս Հայաստանի կառավարության՝ ապաքաղաքացիությունը վերացնելու հստակ հանձնառությունը: Ապաքաղաքացիության խնդիրներին անդրադառնալու միջազգային իրավական հիմք են հանդիսանում ՄԱԿ-ի՝ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ 1954 թ. կոնվենցիան և Ապաքացաքացիության կրճատման մասին 1961թ. կոնվենցիան, որոնց Հայաստանը միացել է տասնամյակներ առաջ: ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է ապաքաղաքացիության խնդիրը լուծելու ՀՀ իշխանությունների օրինակելի կամքը, ինչը դրական նախադեպ է մյուս երկրների համար եւ վերահաստատում է իր աջակցությունը կառավարությանը՝ փոփոխված օրենքի իրագործման ապահովման հանձնառության հարցում, ինչպես նաեւ այս համատեքստում ՀՀ ոստիկանությանը ապաքաղաքացիության որոշման ընթացակարգերն ի գործի դնելու կոչ է անում:
«Լինել քաղաքացիություն չունեցող անձ` նշանակում է, որ դու և քո երեխաները չունեք իրավական ինքնություն, անձնագիր, ընտրելու իրավունք, կրթություն ստանալու հնարավորություն կամ նման հնարավորությունները սահմանափակ են: Ապաքաղաքացիության վերացումը կուղղի այս սխալները: Կբարելավի հասարակության վիճակը այն երկրներում, որտեղ գտնվում են քաղաքացիություն չունեցող անձինք` հնարավորություն տալով հենվել նրանց տաղանդի և եռանդի վրա: Սա և պարտավորություն, և հնարավորություն է կառավարությունների համար` վերջ դնելու այս չարիքին»: Այս պնդումը, որ տեղ է գտել ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտեռեսի բաց նամակում, ՄԱԿ ՓԳՀ-ի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլիի և ավելի քան 20 հայտնի անձանց ու համաշխարհային կարծիքի առաջատարների կողմից, հրապարակվել է 2014 թ. նոյեմբերի 4-ին` ՄԱԿ ՓԳՀ-ի՝ ապաքաղաքացիության դեմ ուղղված համաշխարհային քարոզարշավի մեկնարկին, որը նպատակաուղղված է մինչև 2024 թվականի ավարտը վերացնել ապաքաղաքացիությունն ամբողջ աշխարհում:
ՄԱԿ ՓԳՀ-ն իր ապաքաղաքացիության մանդատի ներքո սերտ համագործակցում է կառավարությունների, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության հետ և ապաքաղաքացիության խնդրի դեմ պայքարելու նպատակով հետևյալ գործունեությունն է իրականացնում.
1. քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերում, ապաքաղաքացիության, դրա շրջանակների, պատճառների և հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերում,
2. ապաքաղաքացիության կանխում` դրա պատճառների դեմ պայքարի միջոցով,
3. ապաքաղաքացիության կրճատում՝ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխություններին և բարելավմանը աջակցելու միջոցով,
4. քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն՝ նրանց իրավունքների իրականացման հարցում միջամտելու միջոցով: