Էրեբունու ոստիկաններն ապօրինի պահվող զենք ու թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություներ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում:Փետրվարի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել էին բեռնատարը, մոտեցել էին՝ ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին: Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, երբ պարզվել էր՝ փողոցը փակ է, հանցամիտները թողել էին մեքենան և փախել: Մթության մեջ ուղևորին հաջողվել էր ճողոպրել: Վարորդը, որ զինված էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Շենգավիթի 6-րդ փողոցում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերվեց «ТТ» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Բայց սա ամենը չէր: Ոստիկանները հայտնաբերեցին երկու փաթեթ սպիտակ բյուրեղանման ու ևս երկու փաթեթ շագանակագույն զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ երեք փաթեթ, ընդհանուր 500 գրամից ավելի նմանատիպ շագանակագույն զանգված:Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, պարզվեց, Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:Նշանակվել են փորձաքննություններ:Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: