Ոստիկանների բարդագույն օպերացիայի, վնասազերծման և հնարավոր արնահեղությունը կանխելու մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 8-ի երեկոյան, Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տևած ծավալուն և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և պարեկապահակետային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համագործակցությամբ, Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից և Մաշտոցի պողոտայից բաժին բերման ենթարկվեցին 8 անձինք։
Հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել էր ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա և ատրճանակ գործադրելով։
Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։
Դեպքի վայրի և դրա հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և փորձաքննության ուղարկելու համար վերցվել է 12մմ տրամաչափի փամուշտ, նույն տրամաչափի՝ կրակված 3 պարկուճ և դանակ՝ արնանման հետքերով։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները զարմիկներ են։ Իրավապահներին տված ցուցմունքում երիտասարդները հայտնել էին, որ հունվարի 20-ին բիլիարդի ակումբ էին գնացել տաքսիով, սակայն դեպքի հանգամանքների, շարժառիթների և մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չէին հայտնել։ Ըստ տուժողների՝ չէին հիշում կամ չէին տեսել։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամբ, տեղեկություններ ստացվեցին հանցագործության կատարմանը առավել ակտիվ մասնակցած անձանց վերաբերյալ, որոնց հանցափաստի մեջ մերկացնելու համար առաջ քաշվեցին մի շարք վարկածներ։
Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Պարզվեցին հանցագործության դրդապաճառները։ Օպերատիվ վերահսկողության տակ առնվեցին կատարվածի պատճառահետևանքային բոլոր հնարավոր զարգացումները։ Պարզվեց դեպքի ընթացքում տուժողներին մարմանական վնասվասվածքներ պատճառած բոլոր անձանց ինքնությունը։
Բարդագույն պայմաններում Էրեբունու քրեական հետախույզներին օպերատիվ ճանապարհով հաջողվեց ձեռք բերել տեղեկություններ, որ հանցագործության գործիք ատրճանակը նրանք պահում են իրենց մոտ։ Բացի այդ, նրանց բնակության վայրերում պահվում է նաև այլ զենք-զինամթերք՝ երկու կողմերի միջև պայմանավորված, նախապես զինված, վրեժխնդրության նպատակով տեղի ունենալիք հանդիպման համար։
Ողջ ընթացքում պայթյունավտանգ իրավիճակը գտնվում էր ոստիկանության պրոֆեսիոնալ ծառայողների կատարյալ վերահսկողության տակ։ Եվ փետրվարի 8-ին, իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, անդառնալիից ու արնահեղությունից խուսափելու նպատակով որոշում կայացվեց իրականացնել վնասազերծման օպերացիա՝ միաժամանակ խուզարկելով կասկածելի 16 անձանց բնակության հասցեները։
Ոստիկանություն բերման ենթարկված 8 անձանցից 4-ը՝ Նոր Արեշի բնակիչներ, 22-ամյա Ալբերտ Ժամհարյանը, եղբայրներ՝ Արմեն և Արսեն Գաբրիելյանները և Կոնդի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մադոյանը ձերբակալվեցին։
Արմեն Գաբրելյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 27 փամփուշտով, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 9մմ տրամաչափի 18 և ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։
Արսեն Գաբրիելյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի փամուշտի կրակված 2 պարկուճ և 2 կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հեղուկով։
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են որսորդական հրացաններ, սառը զենքեր, մահակներ, զինամթերք ու կաթուցիչներ։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: