Ոչ միայն օրինապահ հետիոտն, այլև օրինապահ քաղաքացի․ հանդիպումներ Արարատի մարզի դպրոցներում

Սեպտեմբերի 1-ին մեկնարկած «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցները շարունակվում են մինչև հոկտեմբերի 1-ը։
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հանրապետության մարզերի դպրոցներում կանխարգելիչ և իրազեկող բնույթի զրույցներ են անցկացնում աշակերտների հետ։
Արարատի մարզի ոստիկանները դպրոցներում անցկացրած հանդիպում-զրույցների ժամանակ ներկայացրել են ճանապարհային երթևեկության կանոնները, խոսել դրանց պարտադիր պահպանման մասին: Նրանք դպրոցականների հետ խոսել են նաև հակահասարակական երևույթների վտանգավորության մասին:
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մասին զրույցները կարևոր են հատկապես տարրական դասարանների աշակերտների համար, որոնք հաճախ ինքնուրույն են անցնում դպրոց տանող ճանապարհը։
Ոստիկանները պատասխանում են նաև դպրոցականներին հետաքրքրող հարցերին:
Ոստիկան-աշակերտ անմիջական զրույցների ժամանակ որոշ դպրոցականներ առանձնահատուկ հետաքրքրություն են դրսևորում նաև ոստիկանի մասնագիտության նկատմամբ։
Դպրոցներում նմանօրինակ հանդիպումները ոչ միայն օրինապահ հետիոտն, այլև օրինապահ քաղաքացի դառնալու նախապայման են։