ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի /Botnet/ դեմ միջազգային ոստիկանական գործողություն

31.05.2024 12:53 Միջոցառումներ
Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի /Botnet/ դեմ միջազգային ոստիկանական գործողություն

Մայիսի 27-ից 29-ը իրականացվել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի /Botnet/ դեմ առաջին ամենամեծ միջազգային ոստիկանական գործողությունը, որը Եվրոմիության իրավապահ ծառայությունն անվանել է «Էնդշպիլ» /Operation Endgame/։

Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի գլխավորած հետաքննությանն աջակցել է նաև Եվրաջասթը։

Գործողությանը ներգրավվել են Հայաստանի, Դանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բուլղարիայի և մի շարք երկրների իրավապահներ, որոնց արդյունքում իրականացվել են ձերբակալումներ, խուզարկություններ, առգրավումներ և ավելի քան 100 ինտերնետ սերվերների ու դոմեյնների արգելափակումներ։

Գործողության ընթացքում իրականացվել են 16 խուզարկություններ, ավելի քան 2 000 դոմեններ գտնվում են իրավապահների օպերատիվ հսկողության տակ։

Մինչ այժմ իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ գլխավոր կասկածյալներից մեկը վաստակել է առնվազն 69 մլն եվրո (74,5 մլն դոլար) կրիպտոարժույթով՝ կայքերը վարձակալության տալով կիբեռհանցագործներին։

Փոխադարձ իրավական օգնության շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ, Քննչական կոմիտեի և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները Երևանում իրականացրել են մեկ խուզարկություն, որի ընթացքում առգրավել են քննության համար նշանակություն ունեցող համակարգչային տեխնիկա։