Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են զբոսաշրջիկի հեռախոսը գողացած տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետությունում, ըստ վիճակագրական տվյալների, զբոսաշրջիկների թիվն օրեցօր ավելանում է, և անչափ կարևոր է, որ նրանք մեր հյուրընկալ երկրում իրենց ապահով ու անվտանգ զգան: Ոստիկանության պետի հրամանի համաձայն` և՛ օպերատիվ, և՛ արտաքին ծառայությունների ստորաբաժանումներն այս հարցում հետևողական են, ծառայության ընթացքում ուշադիր ու զգոն:
Օրերս Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացի, որ հանգրվանել էր Երևանում և սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզ մեկնել Նորավանքը տեսնելու, ժամը 18-ի սահմաններում եկեղեցական համալիրի տարածքում նկատել էր, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը:
Կատարվածի վերաբերյալ զբոսաշրջիկը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նույն օրը հաղորդում տվեց:
Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Օպերատիվ հարցումներ անցկացրին Նորավանք եկեղեցական համալիրի տարածքում, եղան մարզի այն վաճառքի կետերում, որտեղ կասկածվողը հնարավոր է վաճառած լիներ գողոնը: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ գաղտնի հափշտակությունն օրեր անց բացահայտվեց:
Բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ:
Սեպտեմբերի 4-ին քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Եղեգնաձորի բաժին` իր հետ բերելով գողոնը:
Ավելի ուշ իրավապահները բաժին հրավիրեցին նաև տուժողին և նրան հանձնեցին գողացված բջջային հեռախոսը:
«Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն անչափ օպերատիվ և պրոֆեսիոնալ գործեցին, երկու օրվա ընթացքում հայտնաբերեցին հանցագործին, վերադարձրին հեռախոսը, որտեղ ողջ զբոսաշրջության ընթացքում արված Հայաստանի տեսարժան վայրերի տեսագրություներն էին: Շնորհակալ ու գոհ ենք ոստիկաններից, գերազանց աշխատեցին»,-ասում էր օտարերկրացի կինը:
37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: