«ԱՄՆ Հետաքննություների Դաշնային Բյուրոյի և ՀՀ ոստիկանության միջև հարաբերությունները բարձր են գնահատվում»
17.07.2014 12:39
Համակարգի լրատու
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ
Վլադիմիր Գասպարյանին
Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակ
Հարգելի պարոն Գասպարյան,
Հետաքննություների Դաշնային Բյուրոն իր հարգանքի հավաստիքն է հղում ՀՀ ոստիկանությանը և բարձր գնահատում շարունակական համագործակցությունը մեր ծառայությունների միջև:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի սպաների գերազանց աշխատանքի վրա: Նրանց հետ համագործակցության արդյունքում վերջերս հաջողվեց հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու անձի:
- Անուշ Ս. ԱՄՆ-ում, առողջապահության բնագավառում, կատարել է մի շարք խարդախություններ: Հասցված նյութական վնասը կազմում է մի քանի միլիոն դոլար:
2014 թ. ապրիլի 9-ին Վաշինգտոնի Ինտերպոլի ԱԿԲ-ն հետախուզվողի վերաբերյալ հարցում էր կատարել Հայաստան: Մի քանի օրվա ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները պարզեցին Անուշ Ս.-ի գտնվելու վայրը, և ապրիլի 18-ին նա ձերբակալվեց:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության և ՀՀ գլխավոր դատախազության ու ՀԴԲ-ի համագործակցության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է և չի կարող էքստրադիցիայի ենթարկվել:
Մայիսի 12-ին Ձեր սպաների ջանքերի շնորհիվ ՀԴԲ-ն հնարավորություն ստացավ բանտում հարցաքննելու Անուշ Ս.-ին, ինչի արդյունքում ստացվեցին կարևոր տեղեկություններ քրեական գործով անցնող նրա հանցակիցների վերաբերյալ: Ավելին, ստացված տեղեկատվությունը ՀԴԲ-ին հնարավորություն ընձեռեց պարզելու հանցագործություն կատարած անձանց միջև կապը և հանցավոր խմբի կառուցվածքը: Անուշ Ս.-ի տեղեկատվությունը հնարավորություն կտա հայտնաբերելու դեռևս չպարզված անձանց, որոնք մասնակցել են ԱՄՆ-ում կատարված խոշորածավալ խարդախություններին:
- Արմեն Հ. մեղադրվում է ԱՄՆ-ում թմրամիջոցներ պահելու և տարածելու մեջ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել և ըստ սահմանված կարգի` հարցում կատարվել նաև Հայաստան:
2014 թ. հունվարի 8-ին նա ձերբակալվել է սահմանային անցակետում` Ռուսաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ:
Հայ իրավապահների և ՀԴԲ-ի համագործակցության արդյունքում պարզվել է, որ Արմեն Հ.-ն Ռուսաստանի քաղաքացի է, չունի Հայաստանի քաղաքացիություն, ինչը հնարավորություն է տալիս նրան էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ:
Հայ գործընկերների հետ մի շարք անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելուց հետո, 2014 թ. ապրիլի 30-ին, ՀԴԲ-ի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորեցին Արմեն Հ.-ին և նրան ԱՄՆ տեղափոխեցին առանց որևէ միջադեպի:
Հարկ է նշել, որ վերջին 7 տարիների ընթացքում սա էքստրադիցիայի առաջին դեպքն է ԱՄՆ և ՀՀ միջև: Այս փաստը նշվել է ՀԴԲ-ի բարձրագույն ատյաններում, ինչպես նաև ԱՄՆ արդարադատության Դեպարտամենտում:
Ձեր սպաների գործողությունները մեծ արժանիքներ բերեցին ՀՀ ոստիկանությանը և վկայում են մեր երկրների ու ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների միջև համագործակցության մասին:
ՀԴԲ-ի և ՀՀ ոստիկանության միջև հարաբերությունները բարձր են գնահատվում:
Հարգանքով` Դամիան Բրիկո
իրավական հարցերով կցորդ