ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԳՈՌ ԱՋԱՄՅԱՆ
1988 թվական, դեկտեմբերի 7։ Այս տարեթիվ-ամսաթիվը հավերժ սևով գրվեց հայոց պատմության էջերում։ Երկրաշարժից զոհվեցին մեր հազարավոր հայրենակիցներ, ավերվեցին քաղաքներ ու գյուղեր, անտուն մնացին հարյուր հազարավորներ։
«Երկրաշարժը, որ եղավ, ինքը երեք ամսական էր։ Փլատակներից հանեցինք»,- ասում է Վարուժան Աջամյանը։ Խոսքը որդու՝ ապագա ոստիկան, կարատեի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Աջամյանի մասին է։ Երկրաշարժից հրաշքով փրկված Գոռը տարիներ անց գերազանցությամբ ավարտեց դպրոցն ու ընդունվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ 2014 թվականին ծառայության անցավ ոստիկանությունում։
Գոռ Աջամյանը ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկան էր, միաժամանակ, ֆիզկուլտուրա էր դասավանդում Քարաձոր գյուղի դպրոցում։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Օրինակելի ծառայող լինելուց բացի, պրոֆեսիոնալ մարզիկ էր։ Արտերկրում շատ անգամներ էր հայկական դրոշը բարձրացվել նրա հաղթանակների պատվին։ Ամենուր առաջինն էր։ Նաև՝ ոստիկանության ֆուտբոլի հավաքականում։ Շատ խաղերում միակ գոլի հեղինակն էր դառնում։
Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց։ Ծառայակիցների հետ անցավ մարտական պատրաստություն և մեկնեց Արցախ։
Ոստիկանության ավագ Գոռ Աջամյանը անմահացավ Շուշիում։
Պատերազմ գնաց հանուն հայրենիքի, հանուն իր ընտանիքի, երեխաների և հանուն բոլո՛ր ընտանիքների ու երեխաների։ Գնաց ու համալրեց անմահների գունդը։