Մալաթիայի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայից գողությունները

Մարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը:
Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ, որոնք, ըստ նրա, նույն օրը, առավոտյան ժամը 5-ից 7-ը, գողացել է իրենց փողոցում կայանված տարբեր մեքենաներից:
36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: