Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության փորձը
Հոկտեմբերի 28-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող սգո սրահի ապակիներն ու մուտք գործել:
Մեկնել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել են օտարերկրյա երկու քաղաքացիներ: Հոկտեմբերի 29-ին` ժամը 16.30-ին, նրանք հայտնաբերվել են մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում և մեկի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին:
31-ամյա օտարերկրացին խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակիներն ու մտել սգո սրահ, սակայն ոչինչ չգողանալով` դուրս է եկել և հեռացել 29-ամյա համերկրացու կողմից շահագործվող ավտոմեքենայով:
Օտարերկրյա քաղաքացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
