Կանանց հարցերով խորհրդի հանդիպմանը քննարկվել են կին պարեկների ծառայությանն առնչվող հարցեր
Օգոստոսի 2-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպումը։
Մասնակցում էին ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, պարեկային ծառայողներ։
Կարևորելով հանդիպումների պարբերականությունը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ քննարկումները թույլ են տալիս հավաքագրել կին ծառայողների խնդիրներն ու առաջարկությունները, ինչը նախարարության քաղաքականության մշակման և ռազմավարական նպատակների արդյունավետ պլանավորման շրջանակում անհրաժեշտություն է։
Անդրադառնալով կին ծառայողների բարձրացրած հարցերին՝ Պարեկային ծառայության պետը մատնանշել է վեր հանված խնդիրների հնարավոր լուծումները։
Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության խթանման առումով՝ Արթուր Խուդինյանը կարևորել է հատկապես կին պարեկների դերը, իրազեկման արշավների ընթացքում նրանց ներկայացվությունը։
Նատալի Սահակյանը ներկայացրել է պարեկային ծառայության կազմակերպման և անցկացման միջազգային փորձը, առանձնահատկությունների մանրամասներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հերթափոխային ծառայության, համազգեստի կրման կանոնների, վերապատրաստումների անցկացման և ծառայությանն առնչվող այլ հարցեր։