Հանդիպում Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) ընթացող Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն:
Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին և ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն` անձամբ ծանոթանալու Կազմակերպության կարողություններին:
Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում: