ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Շիրակի մարզի բնակիչներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի, ինչպես և ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ հուլիսի 26-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության վարչական շենքում տեղի ունեցավ Շիրակի մարզի բնակիչների ընդունելություն:
Քաղաքացիների ընդունելությունը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմը:
Ընդունելության եկած քաղաքացիները ներկայացրին ինչպես ոստիկանության իրավասությանը վերաբերող առաջարկներ և խնդիրներ, այնպես էլ դրանից դուրս:
Առաջարկների մի մասը վերաբերվում էր միջպետական ճանապարների՝ գյուղական համայնքներին հարող հատվածներում արագաչափ սարքեր տեղադրելուն, Նոր Ախուրյան գյուղի տրանսպորտի հարցի կարգավորմանը և այլն:
Որոշ քաղաքացիներ էլ եկել էին պարզապես շնորհակալություն հայտնելու ոստիկանության ծառայողներին:
Քաղաքացիների ներկայացրած՝ տեղական ինքնակառավարման, ինչպես և այլ մարմինների գործունեությանը վերաբերող խնդիրների լուծման նպատակով, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց հնարավորիս աջակցել քաղաքացիներին այլ մարմիններին վերաբերող խնդիրների լուծման գործընթացում:
Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար քաղաքացիներից ընդունվեցին նաև գրավոր դիմումներ: