Ոստիկանության կրթահամալիրի սովորողները կամավոր դոնորական արյուն հանձնեցին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Կրթահամալիրի մի խումբ սովորողներ, կրթահամալիրի պետի տեղակալների և դասախոսների ուղեկցությամբ այցելեցին արյունաբանական կենտրոն։ Անձնական նախաձեռնությամբ՝ կրթահամալիրի սովորողներն ու դասախոսները դոնորական արյուն հանձնեցին, արարք, որը կարող է փրկել դրա կարիքն ունեցող բազմաթիվ մարդկանց կյանքեր։
Արյան դոնոր դառնալու համար միայն ցանկությունը բավարար չէ։ Նախ կրթահամալիրի սովորողները լրացնում են առողջական ընդհանուր վիճակի մասին հատուկ հարցաշար, ապա բուժզննում անցնում թերապևտի մոտ։
Բժիշկների համաձայնությունը ստանալուց հետո կամավորներն անցնում են արյունատվության սենյակ։ Առաջին անգամ դոնորական արյուն հանձնողներից վերցվում է 350-400 գրամ արյուն։ Կրկին արյուն հանձնելու ցանկության դեպքում, ըստ բժիշկների՝ հաջորդ այցը կարելի է առնվազն երկու ամիս անց։ 40 կամավորներից, տարբեր պատճառներով, ոչ բոլորին բժիշկները թույլատրեցին դառնալ արյան դոնոր։ Արդեն վերցված արյունը, նախքան փոխներարկման համար պատրաստ լինելը, մանրակրկիտ հետազոտությության է ենթարկվում արյունաբանական լաբորատորիայում։ Հաջողությամբ հետազոտված դոնորական արյունը պահվում է կլինիկայի արյան բանկում, պատրաստ՝ փրկելու կարիքավորի կյանքը։
Մարդասիրական այս համախմբված ձեռնարկը կրթահամալիրի սովորողներն իրականացնում էին առաջին անգամ։ Կամավորները փաստում են, որ հուզմունքից բացի ապրում են նաև հպարտություն և պատրաստ են տպավորությունները կիսել ծառայակիցների ու ընկերների հետ։ Նրանք համոզված են, որ հաջորդ այցին կամավորների թիվը մի քանի անգամ ավելի կլինի։