Ապօրինի ծառահատում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում․ Ճամբարակի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 26-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դպրաբակ անտառպետության պահաբաժիններից մեկի տարածքում ապօրինի հատել էին 8 կաղնի։ Հատված ծառերը հայտնաբերել էր անտառապետը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ճամբարակի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կաղնիները հատվել են տարբեր օրերի։ Հետևողական աշխատանքի շնորհիվ հաստատվեց նաև վարկածը, որ ծառերը հատել են տարբեր անձինք։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված երեք երիտասարդները, որոնցից երկուսը Դպրաբակ գյուղի բնակիչ են, մեկը՝ Գավառի, հրավիրվեցին բաժին ու խոստովանական բացատրություն տվեցին։
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: