Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ մեքենայում հրազեն կար
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների հետ մայիսի 7-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել Թալինի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի, որն անցած տարվա հունիսից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան՝ հայտնաբերելով «UZI» գրառմամբ հրազեն՝ լիցքավորված 27 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: