Անչափահասները ոստիկանության աջակցությամբ իրենց հանգիստն անցկացրին Սևանի ափին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անչափահասների խնդիրները: Նպատակը երեխաների պաշտպանությունն է, նրանց անվտանգության ապահովումը, հանցավոր հակումներից զերծ պահելու մտահոգությունը: Աշխատանքն իրականացվում է ամենատարբեր եղանակներով՝ դպրոցական տեսուչի ծառայությունից մինչև անչափահասների ճանաչողական այցելություններ ոստիկանության ստորաբաժանումներ ու ոստիկանության զորքերի զորամասեր: Հանդիպումները հաճախ վերածվում են բարեկամության, օգնում դեռահասին մասնագիտություն ընտրելու հարցում, նշակետում նրա կյանքի ուղին:
Այս համալիրում կարևոր տեղ ունի և արդեն ավանդական է նաև անչափահասների հանգստի կազմակերպումը:
Ոստիկանության պետի հանձնարարականով, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ ու Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ կազմակերպվեց հերթական միջոցառումը. Արմավիրի մարզի Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության ու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնի 85 երեխաներ օգոստոսի 9-ին և 11-ին իրենց հանգիստն անցկացրին Սևանի ափին:
Երեխաները ջրային զբոսանք կատարեցին նավերով, ծանոթացան լճի վրա ու հարակից տարածքում պարեկող ոստիկանական վերակարգերի տեխնիկային, նվերներ ստացան ոստիկաններից, ապա տեղափոխվեցին ջրաշխարհ…
Հատկապես ամռան ամիսներին կա՞ ավելի գրավիչ վայր, քան կապուտակ Սևանը, և կա՞ ավելի թանկ զգացում, քան ապահովության ու վստահության զգացողությունը, երբ քեզ ուղեկցող ոստիկանը ոչ միայն իրավապահ է, այլլև ավագ ընկեր, բարեկամ, խորհրդատու, հետաքրքիր զրուցակից, երբ ոչ միայն կրկին հայտնագործում ու սիրում ես հայրենի եզերքդ, այլև՝ այդ հայրենիքը պահպանողների իրական աշխարհը:
Ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:
Այս երեխաները տեսել են…
Միջոցառումները շարունակվում են: