Հրազդանի Կենտրոն թաղամասից դիտահորերի կափարիչներ էին գողացել
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գողություններ են արվում։ Մասնավորապես, մի քանի օրվա ընթացքում գաղտնի հափշտակվել էին դիտահորերի 18 կափարիչ։ Բնակիչները անցանկալի պատահարներից խուսափելու համար ծառեր էին դրել դիտահորերի մեջ։ Հրազդանի ոստիկանները շարունակեցին օպերատիվ աշխատանքը, իսկ նոյեմբերի 6-ին կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Հրազդանի Կենտրոն թաղամասում բնակվող 19-ամյա երիտասարդի։ Նա բաժնում խոստովանական բացատրություն տվեց՝ հայտնելով, որ մի քանի օրվա ընթացքում իրենց թաղամասի տարբեր հատվածներից գողացել է դիտահորերի 18 կափարիչ։ Հետագա միջոցառումներով Հրազդանի ոստիկանները հայտնաբերեցին գողոնի մի մասը. կափարիչները թաքցված էին ավտոտնակում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: