Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով
Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: 
Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե վնասվածքը ստացել է շենքի բակում ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:
Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 36-ամյա մի բնակիչ: 
Ժամը 23.40-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
 Դանակը հայտնաբերվել է: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					