Առաքելությունը՝ մարդասիրություն. տանը բռնկված հրդեհը մարեցին գիշերային շրջայց կատարող ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 17-ի գիշերը ոստիկանության Տարոնի բաժնում հնչած ահազանգը նույն բաժնի աշխատակցից էր. Նժդեհի թիվ 19 տանը հրդեհ է բռնկվել...
Նշված տանը մեր ստեղծագործական խումբը եղավ դեպքից ժամեր անց: Տեսարանը սարսափելի էր...
Նյութական վնասի չափը դեռ կճշտվի, բայց սարսափելի է պատկերացնել, թե ինչպիսի՜ ողբերգական հետեւանք կարձանագրվեր, եթե ճիշտ ժամին ճիշտ տեղում չհայտնվեին ոստիկանները: Եթե մայիսի 17-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ՝ ավագ օպերլիազոր Արեն Ջաղացպանյանը, ՊՊԾ ոստիկան Սերգեյ Համբարյանը եւ օպերլիազոր Արման Ադամյանը գիշերային շրջայցի չլինեին...
Օդ շնչելը ծանր է, որոշ իրեր դեռ ծխում են... Գիշերվա դեպքերի ցնցումը դեռ չհաղթահարած տանտիրուհու հետ տեղափոխվում ենք տան անվնաս հատվածը: Հուզմունքը մի կերպ զսպելով՝ տանտիրուհին պատմում է գիշերային մղձավանջի մասին:
«Ժամը 11-ի կողմերը պառկեցի քնելու: Չգիտեմ՝ ինչքան եմ քնել, մեկ էլ դմդմբոցից արթնացա: Տեսնեմ ոստիկանի համազգեստով երեք երիտասարդ կողքս կանգնած՝ ասում են՝ տունդ վառվում է...»:
Հիմա ներկայացնենք դեպքը օրվա, ավելի ճիշտ՝ գիշերվա հերոսների նկարագրածով:
Սարսափահար տանտիրուհուն հանել էին դուրս, նստեցրել իրենց ծառայողական մեքենան, որ չմրսի: Թեեւ կինն ասել էր, որ տանը մենակ է, թանձր ծխի միջով մտել էին ներս, ստուգել: Անջատել էին գազի եւ էլեկտրականության մուտքը տուն:
Մինչ հրշեջ ծառայության ժամանումը, նաեւ հոգացել էին հարակից տների բնակիչների անվտանգության մասին:
Պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ ստորաբաժանման գումարտակի ոստիկան Սերգեյ Համբարյանը պատմում է, թե ինչ խոչընդոտներ են հաղթահարել մինչեւ տուն մտնելը: Ցատկել էին դժվարհաղթահարելի ցանկապատի վրայով, ջարդել էին դուռը եւ, անտեսելով վտանգը, թանձր ծխի մեջ մարդ փնտրել...
Տանտիրուհին, որ անընդհատ կրկնում էր՝ այդ տղաներն իմ կյանքը փրկել են, խոստովանում է՝ «Ես պարտական եմ նրանց, բայց հիմա որ գան մոտս կանգնեն, երեւի չճանաչեմ...»:
Չճանաչեց: Պարզապես ասաց՝ «Ես ձեր տղաներին պարտական եմ ամբողջ կյանքումս...»: Իսկ երբ իմացավ, որ հենց նրանք են իր կյանքը փրկել, հուզվեց: Չգիտեր՝ ինչ բառերով հայտներ երախտագիտությունը:
Իսկ նրանք իրենց արարքի մեջ որեւէ հերոսականություն չեն տեսնում: «Մեր պարտքն ենք կատարել. եթե լույսը բացվեր ու իմանայինք, որ մարդ է մահացել, երեքս էլ մեզ չէինք ների»,- ասում են:
Առաքելությունը՝ մարդասիրություն. սա՛ է նաեւ ոստիկանի ծառայության հիմքում: Պարզապես վանաձորցի այս երիտասարդները մայիսի 17-ի գիշերը վերստին ապացուցեցին դա...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ