Հանուն հայրենիքի ընկածներին նվիրված հիշատակի միջոցառում Վանաձորի թիվ 24 դպրոցում
Օրերս Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցում հանդիսավորությամբ բացվեց դպրոցի շրջանավարտներ՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Արցախյան ազատամարտում իրենց կյանքը տված Հրաչյա Արզումանյանի, Ռաֆայել Սեփխանյանի, Արամ Խաչատրյանի, Արմեն Վեքիլյանի, Զորիկ Շահրամանյանի, Վրեժ Մարտիրոսյանի և Սարգիս Խաչատրյանի լուսանկարների կողքին փակցված են նաև ոստիկաններ Սարգիս Նավասարդյանի և Մհեր Հարությունյանի լուսանկարները։
Դպրոցի աշակերտները անուն առ անուն հիշեցին ուսումնական հաստատության շրջանավարտներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Նաև ներկայացրին նահատակված հայորդիների կենսագրությունները։
Դպրոցի ուսուցչական կազմը պատրաստել էր զոհվածների մասին պատմող գրքեր, որոնց մեջ կային նաև դատարկ էջեր, քանի որ ուրիշները նույնպես կունենան տղաների մասին ասելիք և կարող են գրել այդ գրքերում։