Իջևանի ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին գողությունը. գողոնը հայտնաբերվել է
Օգոստոսի 1-ի առավոտյան Իջևանում բնակվող մի տղամարդ ոստիկանության Իջևանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ Նրա հայտնածով՝ «Օպել» մակնիշի մեքենան կայանել էր Ակնաղբյուր գյուղի ճանապարհին ու հեռացել տարածքից։ Ժամեր անց վերադարձել էր ու տեսել, որ մեքենայի ապակին կոտրված է։ Հետո պարզել էր, որ փաստաթղթերը, բանկային քարտը, փողերը, ձայնարկիչն ու մարտկոցը գողացել են։ Ըստ նրա՝ գողությունն արվել էր օգոստոսի լույս 1-ի գիշերը։ Իջևանի ոստիկաններն ու փորձաքրեագետը ուսումնասիրեցին մեքենան, ապա անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների։ Ժամեր անց տեղեկություն ստացվեց, որ գողությունն արել էր Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Կասկածվողը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը. մարտկոցը տանն էր, իսկ մյուս իրերը թաքցրել էր անտառում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: