Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 11-րդ վեհաժողովը
Մարտի 24-ից 26-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 11-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 143 անդամ երկրների շուրջ 270 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին և գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը և բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին բացման խոսքում ողջունելով ներկաներին` մասնավորապես նշեց, որ ներկայումս ԱԿԲ-ների դերը առավել քան երբևէ կարևոր է ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկն իր ելույթում ընդգծեց, որ կազմակերպությունը համաշխարհային հարթակ է ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների համար՝ տեղեկատվության փոխանակման նպատակով: «Մի շարք երկրների կողմից տեղեկատվության տրամադրման արդյունքում մեր աշխատանքը տվեց իր արդյունքները ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և ԱԿԲ-ների դերը այս հարցում նույնպես շատ մեծ է»,- նշել է նա:
Բելգիայի դաշնային ոստիկանության գլխավոր քարտուղար Կատրին դը Բոյն իր հերթին առանձնացրել է Ինտերպոլի դերը անդամ երկրներին քննությունների ընթացքում ցուցաբերած աջակցության հարցում:
Վեհաժողովում քննարկվել են քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես` միջազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, ինչպես նաև կիբերհանցավորության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի կողմից անդամ երկրներին աջակցության տրամադրումը: Բացի այդ, քննարկման առարկա է դարձել անդրազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի և տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների և ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարը:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը վեհաժողովում ելույթ ունեցավ «Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզման վերաբերյալ քարտերի հրատարակման գործընթացը և այդ ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության բարելավման անհարժեշտությունը» թեմայով զեկույցով:
ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպումներ ունեցավ Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի և Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև գործնական քննարկումներ եղան մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող և ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ