Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը
Մայիսի 19-ից 21-ը Բուխարեստում տեղի ունեցավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Կոնֆերանսի աշխատանքը նպատակաուղղված էր երկու հիմնական ոլորտների` օտարերկրյա վարձկանների եւ ահաբեկչության դեմ պայքարին ու համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին: Հարցերի քննարկմանը մասնակցում էին ոչ միայն ոլորտի գործնական հարուստ փորձ ունեցող մասնագետները, այլ նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ:
Կոնֆերանսում քննարկվեցին նաեւ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես` համացանցի միջոցով կատարվող խարդախությունների, ապօրինի միգրացիայի եւ մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման եւ հանցավորության ազգային եւ միջազգային մակարդակով դրսեւորման այլ վտանգավոր ձեւերի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությանը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը եւ Ռումինիայի վարչապետ եւ ներքին գործերի նախարար պարոն Գաբրիել Օպրեան:
Միջազգային հանցավորության դեմ պայքարում կարեւորվեց անդամ երկրների կողմից Ինտերպոլի հնարավորությունների եւ ծառայությունների, այդ թվում` տվյալների պահոցների կիրառումը, տեղեկատվության փոխանակումը:
Կոնֆերանսում` ընդունվեցին մի շարք հանձնարարականներ` ուղղված տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի միջոցների արդյունավետության բարձրացմանը:
Ընդունվեց Ինտերպոլի Եվրոպական բիզնես պլանը, ներկայացվեցին առաջարկություններ Ինտերպոլի քարտերի կիրառման, կորած կամգողացված ճամփորդական փաստաթղթերի պահոցի, սահմանային վերահսկմանն ուղղված օպերացիաների, կիբերհանցավորության դեմ պայքարի եւ ապօրինի զենք-զինամթերքի տվյալների պահոցի համալրման անհրաժեշտության վերաբերյալ:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոկի, Գործադիր կոմիտեի, Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Գերմանիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ