Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Հուլիսի 22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփեր, պարկուճ, նռնակ և 200 գրամ տրոտիլ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: