Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում Էջմիածնում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի ռեստորաններից մեկի բակում զենք-զինամթերք է թողել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 4 «Ֆ1» տիպի նռնակ, «Ջ1» տիպի նռնակ, ինքնաձիգի 3 փամփուշտատուփ, տարբեր տեսակի 9 պայթուցիչ, հրացան, հրացանի լիցքավորման մեխանիզմ, ատրճանակ և 537 հատ 5,45 տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: