Ապօրինի զենք-զինամթերք գործարանի մոտ․ Աշտարակի պահպանության բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն:
ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ չգործող գործարանի մոտ, զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և պարեկային կարգախումբը նշված վայրում հայտնաբերել են 2 նռնակ, մեկփողանի հարթափող որսորդական հրացան, տարբեր տեսակի պայթուցիչներ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 135 փամփուշտ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: