Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։
Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, ինքնաձիգի 24 դատարկ պահունակ և տարբեր տեսակի ու տրամաչափի 1000 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: