Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և ընդհանուր 27 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։
Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը ինքն է ցանել և աճեցրել։
Նա ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: