ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քննարկվել են անչափահասների կողմից հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված հարցեր. հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Ոստիկանություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մարտի 4-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը և անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են Ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ անչափահասների կողմից հանցագործությունների և իրավախախտումների նախականխման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։
Էդգար Պետրոսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հորդորել է ահազանգերի, խնդիրների դեպքում անմիջական կապ հաստատել Համայնքային ոստիկանության հետ՝ ակտիվացնելով գործընկերային հարաբերությունները։
Նշվել է նաև, որ հակաիրավական արարքներից տուժող անչափահասների անհատական տվյալների հրապարակումն առանց Ոստիկանության հետ համաձայնեցման կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման համար, խոսել են Ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առկա որոշ խնդիրների մասին։ Հանդիպմանը հարցուպատասխանի ձևաչափով ծավալվել է ակտիվ քննարկում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները դարձնել շարունակական: