Կապանի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.35-ին ոստիկանության Գորիսի բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ 17-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել է 13 հատ 5.000 և 1՝ 2.000 ՌԴ ռուբլու նմանվող թղթադրամի նմուշներ, իսկ տղամարդու մոտ՝ 5.000 ՌԴ ռուբլու նմանվող 3 նմուշ:
Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 5.000 ՌԴ ռուբլու նմանվող նմուշներից երկուսով Կապան քաղաքում գնումներ է արել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում, նա Կապանի Շահումյան հրապարակում գործող խանութում գնումներ անելուց հետո, վճարել է նշված թղթադրամով:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: