ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կաշառքի մեղադրանքով անտառապահ է կալանավորվել. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ «Դիլիջան» անտառպետության մի պահաբաժնում ապօրինի հատվել են կանգուն ծառեր: Ճշտվեց հատողի ինքնությունը` Դիլիջանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ: Նման դեպքերում կարևորը ոչ թե հատող ձեռքն է, այլ հսկողի փակ աչքը: Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ անցած տարվա նոյեմբերից մինչև հունվար, նախնական պայմանավորվածությամբ, անտառահատը անտառապահին մի քանի անգամ տվել է կաշառք` ընդհանուր 30 հազար դրամ, յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրի համար 5.000 դրամ, որպեսզի նրա կողմից պահպանվող պահաբաժնից հատի կանգուն ծառեր: Արդյունքում հատվել էր 15 կանգուն ծառ:
Դիլիջանցի 40-ամյա անտառապահը մարտի 11-ին հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ մարտի 12-ին նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: