Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունու բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Փարոս» ծրագրի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը իր և իր ղեկավարի անունից, որպես կաշառք, պահանջել է 70 հազար դրամ։ Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։ Նրա մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա 70 հազար դրամը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: