Խաբեությամբ տիրացել էր քաղաքացիների ոսկյա իրերին և կանխիկ դրամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին օրերին, մեկը մյուսի հետևից, ոստիկանության Կենտրոնական բաժնում խարդախության մասին հաղորդումներ էին ընդունվում։ Առաջին դեպքն արձանագրվեց սեպտեմբերի 13-ին։ Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի հարակից տարածքում անհայտ անձը խաբեությամբ տիրացել էր մի քաղաքացու ոսկե շղթային։ Սեպտեմբերի 16-ին և 18-ին էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտ և Իսահակյան փողոցում։ Անհայտ անձը խաբեությամբ տիրացել էր ոստիկանություն դիմած քաղաքացիների կանխիկ դրամին։ Վերջին դեպքն արձանագրվեց սեպտեմբերի 20-ին․ Օղակաձը զբոսայգում անհայտ անձը խաբեությամբ տիրացել էր քաղաքացու ոսկե շղթային։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հանցագործությունները բացահայտելու համար առանցքային նշանակության օպերատիվ տեղեկություններ։ Ըստ տեղեկությունների՝ բոլոր հանցադրվագները կատարել էր նույն անձը։ Բացատրական աշխատանքների արդյունքում խարդախությունների մեջ կասկածվող 28-ամյա տղամարդը սեպտեմբերի 20-ին կամավոր ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին և խոստովանական բացատրություն տվեց։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: