Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ուսումնասիրություններով պարզվել է, որ համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ: Դրանք գործելով իբրև վարկային կազմակերպություններ, իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից 70 տոկոսը պահելով որպես միջնորդավճար։
Վարկերը հիմնականում ձևակերպվում են այսպես. քաղաքացին վարկ ստանալու նպատակով դիմում է այսպես կոչված վարկային կազմակերպությանը, որտեղից նրան ուղեկցում են էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներ և նրա անվամբ ձևակերպում տեխնիկայի ապառիկ վաճառք։ Ապառիկը հաստատվելուց հետո քաղաքացուն տալիս են ապառիկի պայմանագրով հաստատված գումարի 60-ից 70 տոկոսը, մնացածը պահում իրենց՝ որպես միջնորդավճար։ Քաղաքացին, արդյունքում, չի ստանում գնված ապրանքը, սակայն բանկի նկատմամբ ձեռք է բերում ամբողջությամբ պայմանագրային պարտականությունները կատարելու պարտավորություն։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է վերը նշված գործունեությամբ զբաղվող 10 կազմակերպություն: Նախապատրաստվել են նյութեր։
Նշված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում ենք դիմել ոստիկանություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: