Աշխատանքային խորհրդակցություն և պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո նրանք արժանացան դրամական պարգևների: Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: Ոստիկանության պետը նկատեց, որ աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգևատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ և առարկայական գնահատել լավագույն ծառայողներին: Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաև կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար, Վալերիյ Օսիպյանն ընդգծեց. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոստիկանության օպերատիվ- ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլև մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում: Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: