ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը: Ամփոփվեցին 2014 թ. արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
23.01.2015 18:26
Համակարգի լրատու
Հունվարի 23-ին տեղի ունեցավ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Զեկուցողը նշեց, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը: Հաշվետու շրջանում 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը: Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն:
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարված աշխատանքը՝ Հունան Պողսյանը նշեց, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի և այլ դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 81,6%-ով:
Անդրադառնալով 2014 թ. ոտիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց կատարված աշխատանքը:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձավ տարածքային ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ստորաբաժանումների ենթակայության վերակառուցման խնդիրներին:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը կարևորեց արտաքին ծառայությունների նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված 2015 թվականին Հայաստանում նախատեսվող մի շարք խոշոր միջոցառումների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ներկայացրեց վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ հաշվետու շրջանում մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունները գրանցումից թաքցնելու և այլ արատավոր երևույթներ բացառելու ուղղությամբ:
Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ներկայացրեց զորամասերի մարտական պատրաստականության վիճակը և այն միջոցառումները, որոնք իրականացվում են անձնակազմի մասնագիտական որակների և նյութատեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց համակարգի ինքնամաքրմանը, օրինականության ամրապնդմանն ու ոստիկանի կերպարի ձևավորմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը բարեփոխումների արդյունքների վերջնական ամրագրումն է:
Հաշվետու զեկույցներին հաջորդած քննարկումից հետո ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում ծառայողական բարձր մակարդակով աչքի ընկած ստորաբաժանումներին ու համակարգի վետերաններին: Ոստիկանության 14 ծառայողներ խիստ նկատողություն ստացան:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացան պարգևների: