Ձերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին: Ժամը 22.10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում, իր բնակության հասցեի մոտ, իրավապահները ձերբակալեցին «Տելեգրամ» սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու: Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց: Երկուսն էլ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին:
30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար զիպ փականով տոպրակ` լցված կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող, 10 գրամից ավելի փոշենման զանգվածով:
26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: