Տնից ոսկեղեն հափշտակած տղամարդը հրել ու գցել էր տանտիրուհուն․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 7-ին, ժամը 22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ Աբովյանի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի իր բնակարանից գողություն են արել։
Դեպքի վայրում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն արձանագրեցին, որ ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, մտել ներս ու հափշտակել ոսկեղեն։ Տանը մարդ չէր եղել, սակայն այդ պահին տանտիրուհին շքամուտքով բարձրանալիս նկատել էր իր տնից դուրս եկող անծանոթ տղամարդուն։
Դեպքի մասին զրուցեցինք տուժողի հետ. «Մուտքով բարձրանալիս նկատեցի, որ դուռը բաց է։ Աստիճանները բարձրացա, այդ պահին տնից մարդ դուրս եկավ։ Հրեցի, իմ հրելուց հետո ինքն ամբողջ մարմնով դեպի ինձ եկավ, ուժգին հրեց։ Ընկա, գլորվեցի աստիճաններից, ու նա փախուստի դիմեց»։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն իրականացրին անհետաձգելի գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Բացահայտման աշխատանքների մասին մանրամասնեց ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Գևորգ Ավետիսյանը. «Դեպքի վայրի զննությամբ և տուժողի նկարագրածով` մեր տեսադաշտում հայտնվեց Աբովյան քաղաքի 32-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկեցինք օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանք։ Հաջորդ առավոտ նրան հայտնաբերեցինք և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կոտայքի բաժին»։
Նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդը կալանավորվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով։
Դեպքի հանգամաներքը պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: