ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են Էրեբունի վարչական շրջանում կատարված կողոպուտը

14.05.2020 15:16 Կողոպուտ

Մայիսի 11-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պոկել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Դեպքից ժամեր անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց: Վնասի չափը մոտ 250.000 դրամի էր:
Օպերատիվ խումբը մեկնեց Տիգրան Մեծի պողոտա: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Կողոպուտը շքամուտքի մոտ էր եղել` ժամը 11-ի սահմաններում: Կինը կողոպտչին թիկունքից էր միայն տեսել:
Տուժողի հետ զրույցից ոստիկաններն արդեն մոտավոր պատկերացրին, թե կասկածյալն ինչ տարիքի է, ինչ կազմվածքի: Սակայն տղամարդու արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն է, հայտնաբերել նրան:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզներն անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հաջորդ օրն իսկ հայտնաբերվեց:
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Տիգրան Մեծի պողոտայի 34-ամյա մի բնակիչ:
Մայիսի 12-ին կասկածվողը Ջրաշենի 1-ին փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: