Կարգապահական հանձնաժողովի նիստ ոստիկանությունում

Ոստիկանությունն իր որդեգրած քաղաքականությամբ ամեն օր է փաստում, որ սկզբունքային է բարեփոխումներն անշրջելի դարձնելու հարցում, իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս ընդգծել է, որ համակարգում պետք է ծառայեն ոստիկանությունը որպես սեփական ընտանիք ընդունող մարդիկ:
Համակարգի ինքնամաքրման գործընթացն ապահովելու հարցում առաջնային նշանակություն ունի կարգապահական հանձնաժողովը, որի հերթական նիստը հոկտեմբերի 13-ին վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ոստիկանության հինգ ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: