Ոստիկանությունը կապահովի «Վերջին զանգ»-ի հանդիսությունների անխափան ընթացքն ու մասնակիցների անվտանգությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 20-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ: Նա ներկայացրեց «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված ոստիկանության ձեռնարկած եւ ձեռնարկելիք միջոցառումները:
«Ոստիկանության նպատակն է՝ ապահովել «Վերջին զանգ»-ի հանդիսությունների անխափան ընթացքն ու մասնակիցների անվտանգությունը»,- ասաց Նորիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը խիստ է լինելու կարգազանցության, անօրինականության ցանկացած դրսեւորման հանդեպ: Խստացված ծառայություն է իրականացվելու դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են շրջանավարտները, ապահովել պատշաճ կարգուկանոն, պահպանել հասարակական կարգն ու մասնակիցների անվտանգությունը:
Նախորդ տարվա վիճակագրությունը ներկայացնելուց հետո Նորիկ Սարգսյանը կոչ արեց շրջանավարտների ծնողներին, հարազատներին, մանկավարժներին՝ աջակցել ոստիկանությանը՝ համատեղ, համակարգված ապահովելու տոնական հանդիսությունների անխափան ընթացքը, թույլ չտալ, որ տոնական տրամադրությունը մթագնի:
«Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը եւ, ընդհանրապես, առաջիկա մեկ ամսում իրականացնելու է ուժեղացված ծառայություն, հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իր գործառույթները կատարելու է ողջ ծավալով ու խստությամբ:
Նորիկ Սարգսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
«Վերջին զանգ»-ի միջոցառումների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները, համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով տեսուչները անցած օրերին հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների շրջանավարտների հետ, զրուցել կարգազանցության իրավական եւ մյուս հետեւանքների մասին, հորդորել, որ զերծ մնան մեքենա վարելուց, երթեւեկության կանոնները եւ հասարակական կարգը խախտելուց:
Մայիսի 22-ին կհնչի «Վերջին զանգ»-ը: Մեր երեխաներն առաջին քայլն են անելու ինքնուրույն կյանք, եւ այն տոնով է սկսվելու:
Ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին ու հավաստիացնում՝ այս օրերին նրանց կողքին է լինելու իր հորդորներով, բացատրական զրույցներով, կանխարգելիչ միջոցառումներով, իր ծառայությա՛մբ...