Հանդիսավոր միջոցառումներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Մայիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ, որոնց մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Հանդիսություններն սկսվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հիշատակի ոգեկոչման արարողությամբ:
Պարեկապահակետային գնդի ոստիկան, ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը զոհվեց մայիսի 3-ին` հանցագործին վնասազերծելիս:
Արա Շախգուլյանի անունն այսօր վիմագրվեց Կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին:
Արարողությանը մասնակցում էին ոստիկանության կրթահամալիրի սպայակազմը, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր:
Պատվո համազարկից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:
Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ:
Ոստիկանության պետն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:
Արարողության առաջին մասն ամփոփվեց Կրթահամալիրի սաների շարային երթով:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ուսումնական հաստատության տարածքում:
Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին:
Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին: Եղավ նաև այն լսարանում, որտեղ ընթանում էր պարսկերեն լեզվի ֆակուլտատիվ պարապմունք:
Հանդիսվաոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ: