2020 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել Ռոման Մուրադյանը
Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շատ հիմնարկ-ձեռնարկություններում` բանկերում, գրավատներում, խանութներում պահպանություն են իրականացնում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները: Թե՛ օբյեկտների պահպանության և թե՛ քաղաքացիների հետ շփման առումով այս խիստ պատասխանատու ծառայությունը ոստիկանից պահանջում է լինել կարգապահ, բանիմաց, ֆիզիկապես պատրաստված. հատկանիշներ, որոնց շնորհիվ Էրեբունու պահպանության բաժնի ոստիկան Ռոման Մուրադյանը 2020 թվականին պահպանության լավագույն ծառայող ճանաչվեց և պարգևատրումից կարճ ժամանակ անց ստանձնեց ջոկի հրամանատարի պաշտոնը՝ ստանալով ենթասպայի ուսադիրներ։
Ոստիկանության ենթասպա Ռոման Մուրադյանն անցել է նաև մարտական ուղի։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ կամավորագրվում էին հայրենիքի սահմանների պաշտպանությանը, Ռոման Մուրադյանը նրանց մեջ էր։ Մարտական գործողություններին մասնակցեց ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Շուշիում։
Ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի առօրյան նման է զինվորական ծառայության՝ սկսվում է առավոտյան հրահանգավորումով: Բաժնի պետը կամ հրամանատարները ներկայացնում են օրվա խնդիրները, խոսում ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունների մասին, անձնակազմին ծանոթացնում անհրաժեշտ հրաման-հրահանգներին, տալիս հանձնարարականներ: Հրամանատարների ցուցումները, ի թիվս գործառութային այլ պարտականությունների, հմտորեն, ճիշտ և ժամանակին է կատարում ջոկի հրամանտար Ռոման Մուրադյանը, որի մասնագիտական որակների մասին զրուցեցինք Էրեբունու պահպանության բաժնի պետի հետ։
«2020 թվականը ծանրաբեռնված էր ոստիկանության համար. մի կողմից համավարակի դեմ ուղղված միջոցառումներն էին, մյուս կողմից՝ պատերազմը, որին մասնակցել է նաև Ռոման Մուրադյանը։
Պահակակետում ծառայություն իրականացնելուց բացի, Ռոման Մուրադյանը 2020 թվականին մասնակցել է նաև հանցագործությունների բացահայտման աշխատանքների։ Տեղեկություններ է ստացել ապօրինի թրմաշրջանառության, անձնական ունեցվածքի գողությունների վերաբերյալ, և դրանք իրացնելու արդյունքում հացագործությունները բացահայտվել են։ Բացի այդ, նրա բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին ներկայացել է Էրեբունու պահպանության բաժին և հանձնել զենք-զինամթերք։ Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում կայացվեց Ռոման Մուրադյանին ներկայացնել պահպանության լավագույն ծառայողի կոչմանը»,-ասաց Էրեբունու պահպանության բաժնի պետ Արման Առուստամյանը։
Բաժնում առանձնակի կարևորություն է տրվում նաև ուսումնամեթոդական պարապմունքներին։ Յուրաքանչյուր ծառայող պետք է լավ տիրապետի զենքին, անվտանգության ու կիրառման կանոններին: Մուրադյանը մարտական և ֆիզիկական պատրաստականության հարցում նույնպես լավագույններից է։
«Զինվորական ծառայությունից անմիջապես հետո՝ 2012 թվականին, որոշեցի ծառայության անցնել ոստիկանությունում։ Արդեն շուրջ 9-ը տարի է՝ ծառայում եմ Էրեբունու պահպանության բաժնում։ Պահակետայինի աշխատանքը միայն պահպանություն իրականացնելով և հասարակական կարգն ապահովելով չի սահմանափակվում, նաև մասնակցում ենք հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքներին։ Օրինակ, տեղեկություն ստացա, որ մի քաղաքացի Տելեգրամի միջոցով թմրանյութի առուվաճառքով է զբաղվում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ համագործակցելով՝ կասկածյալին հայտնաբերեցինք և, թմրանյութով հանդերձ, բերման ենթարկեցինք բաժին»,-պատմեց Ռոման Մուրադյանը։ Իսկ պահպանության լավագույն ծառայողի կոչումը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է համարում։
Այսպիսին էր պահպանության լավագույն ծառայողի մասին մեր բացահայտումը՝ մարտական ուղուց մինչև աշխատանքային առօրյա։