ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համազգեստ կրելը հանրության նկատմամբ պատասխանատվություն է, կարգապահություն, իսկ ուսադիրը՝ պատիվ և արժանապատվություն

Համազգեստ կրելը հանրության նկատմամբ պատասխանատվություն է, կարգապահություն, իսկ ուսադիրը՝ պատիվ և արժանապատվություն

Հարցազրույց ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման 2024 թվականի լավագույն ծառայող, հատուկ նշանակության գումարտակի 1 վաշտի 3-րդ դասակի ծառայության տեսուչ լեյտենանտ Շավարշ Գրիգորյանի հետ:
-Պատմեք Ձեր մասին. որտեղի՞ց եք և ինչպե՞ս եք եկել համակարգ:
-Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում: 2008 թվականից Երևանում եմ ապրում: Մասնագիտությամբ մանկավարժ եմ: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժին եմ ավարտել: 2013 թվականից Ոստիկանության համակարգում եմ: Զինվորական պարտքս կատարելուց հետո որոշեցի համալրել Ոստիկանության շարքերը: Նախ ՊՊԾ գնդում եմ ծառայության անցել, այնուհետև ծառայությունս շարունակել եմ Հատուկ գումարտակում: Արդեն մեկ տարի է՝ լեյտենանտի կոչում եմ ստացել:
- Ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին Ոստիկանությունում ծառայության անցնելու Ձեր որոշումը:
-Շատ լավ ընդունեցին: Թե՛ ես, թե՛ նրանք գիտակցում էինք համակարգում ծառայելու պատասխանատվությունն ու կարևորությունը: Ծառայության անցնելուց հետո, երբ տարբեր միջոցառումների ժամանակ հասարակության լայն զանգվածների հետ առնչվեցի, ավելի լավ հասկացա, որ Հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայողը պետք է լինի գերպատասխանատու, լինի զուսպ, բարեվարք, որպեսզի չտրվի սադրանքների:
-Ի՞նչ փոխեց ոստիկանի համազգեստը Ձեր կյանքում:
-Համազգեստ կրելը հանրության նկատմամբ պատասխանատվություն է, կարգապահություն, իսկ ուսադիրը՝ պատիվ և արժանապատվություն: Ոստիկանը պետք է օրինակ լինի հասարակության համար՝ ազնվության, օրինապաշտության, բարեվարքության օրինակ:
-Ըստ Ձեզ՝ հանցատեսակներից որո՞նք են հասարակության համար ավելի վտանգավոր ու մտահոգիչ:
- Հատկապես մտահոգիչ են թմրամիջոցների օգտագործման և իրացման դեպքերը, որոնց կանխարգելումն ինձ համար շատ զգայուն ու նաև առաջնային թեմա է:
- Ինչո՞վ է զբաղվում լեյտենանտ Գրիգորյանը ծառայությունից դուրս:
- Սպորտով եմ զբաղվում: Նաև սպորտային խմբակներ ունեմ, որտեղ տարբեր տարիքի երեխաների եմ մարզում: Շատ հաճախ նրանց հետ զրուցում եմ տարբեր թեմաներից, խորհուրդներ տալիս, որոնց նպատակը վատ սովորույթներից զերծ պահելն է:
-Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ իմացաք, որ ճանաչվել եք Հատուկ նշանակության ստորաբաժանման տարվա լավագույն ծառայող:
-Ճիշտն ասած՝ անակնկալ էր ինձ համար: Բառերով չեմ կարող նկարագրել զգացողություններս: Իմ առաջին պարգևն է, որը շատ պարտավորեցնող է: Այն նշաձող է, որն ինձ մոտիվացնում է ավելի լավ ծառայել և առաջ գնալ: