Համազգեստը կրել հարգանքով և հպարտությամբ. 2023 թ. լավագույն ճանապարհային ոստիկան Սմբատ Մկրտչյան
Սմբատ Մկրտչյանը Ոստիկանությունում ծառայության է ընդունվել 2002 թվականին: Բարեխիղճ աշխատանքի շնորհիվ շարքայինից հասել է ոստիկանության մայորի կոչման, իսկ 2023 թվականին արդեն ճանաչվեց «Լավագույն ճանապարհային ոստիկան»:
Աչքի առաջ ունենալով հոր օրինակը, նրա հարգանքն ու սերը համակարգի, համազգեստի նկատմամբ՝ Սմբատ Մկրտչյանը երբեք չի երկմտել ոստիկանի մասնագիտություն ընտրելիս: Նրա խոսքով՝ իրենց գործում կարևորը սերն է աշխատանքի նկատմամբ, հակառակ դեպքում հաջողելն անհնար է: Պետք է հարգել համազգեստը. նրանք, ովքեր վաստակել են համազգեստ կրելու իրավունքը, պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենան դրան:
«Ծառայության ընթացքում շփվում ես տարբեր բնագավառի ու բնավորության մարդկանց հետ, և անձնական բարձր որակներ ունենալուց զատ նաև պետք է լինել կիրթ, գրագետ, հավասարակշռված»,- ասում է Սմբատ Մկրտչյանը: Վստահեցնում է, որ ծառայության 22 տարիների ընթացքում լուրջ դժվարություններ չեն եղել, բայցևայնպես որոշակի անհարմարություն է առաջացրել վերջին տարիներին երթևեկության ակտիվացումը: Մասնավորապես, պաշտոնատար անձանց ուղեկցելիս անհրաժեշտ է լինում կարգավորել խաչմերուկները, սակայն երթևեկության ծանրաբեռնվածությունը հաճախ դժվարացնում է այդ գործընթացը, և պետք է գրագետ լուծել խնդիրը:
Սմբատ Մկրտչյանի խոսքով՝ լավագույնի կոչմանն արժանանալն ավելի է պարտավորեցրել ծառայելու առավել մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ:
Եզրափակելով զրույցը՝ ոստիկանության մայոր Սմբատ Մկրտչյանը հորդորում է համազգեստը կրել հարգանքով և, որ ամենակարևորն է, հպարտությամբ: