ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2018 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Կումայրիի բաժինը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Գյումրիի ամենակոլորիտային հատվածներից մեկում՝ Ռուսթավելիի և Ղորղանյան փողոցների խաչմերուկում է տեղակայված ոստիկանության Կումայրիի բաժինը: Հենց այս բաժինն է ճանաչվել 2018 թվականի լավագույն ստորաբաժանում:
Ոստիկանության Կումայրիի բաժինը սպասարկում է շուրջ 75.000 բնակչի, կամ, այլ կերպ ասած, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կեսը:
Անցած տարի ոստիկանության այս բաժնի հերթապահ մասում գրանցվել է հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ 2139 հաղորդում, որոնց բոլորին տրվել է համապատասխան ընթացք:
«Ոստիկանության Կումայրիի բաժինը համալրված է պրոֆեսիոնալ օպերատիվ անձնակազմով: Նրանք 2018 թվականին բացահայտել են ոչ միայն նշված տարում կատարված հանցագործության դեպքեր, այլև նախկինում կատարված, հասարակական հնչողություն ունեցող, ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ: Մեր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվել ու վերահսկվում է»,- նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գևորգյանը:
Ստորաբաժանման քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների շուրջօրյա ծառայության շնորհիվ անցած տարի բացահայտվել են տարբեր ծանրության շուրջ 300 հանցագործության դեպքեր, հայտնաբերվել են բազմաթիվ հետախուզվողներ: Քրեական հետախույզների միջոցառումներով հյատնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր ներկայացվել է տարբեր տեսակի զենք ու զինամթերք: Հետևողական պայքար է մղվել նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ:
Ոչ պակաս ծանրաբեռնվածությամբ ու պատասխանատվությամբ են ծառայել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննության բաժանմունքի աշխատակիցները: Միայն 2018 թվականի ընթացքում նախապատրաստվել են 681 նյութեր:
Բաժնի համայնքնային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն անցած տարի հասարակական կարգ են ապահովել տարբեր զանգվածային շուրջ ութսուն միջոցառման ընթացքում: Ոստիկանության Կումայրիի բաժնի բացահայտած հանցագործությունների 26 տոկոսը համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքն է:
Գյումրիի կենտրոնական հատվածում գործում է նաև համայնքային ոստիկանության հետակետ: Այն սպասարկում է շուրջ 30.000 բնակչի:
«Հենակետում ծառայությունն իրականացվում է երկու հերթափոխով: Քանի որ հետակետը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում և շրջակայքում կան բազմաթիվ հյուրանոցներ, մեզ դիմում են նաև բազմաթիվ զբոսշրջիկներ: Մենք նրանց օգնում ենք, աջակցում և ուղորդում», - նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Արտյոմ Ղումաշյանը:
Լավագույն ստորաբաժանման անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները անցած տարի լիովին վերահսկել են անչափահասների շրջանում օպերատիվ իրավիճակը: Բացահայտվել են անչափահասների կողմից կատարված հանցագործություններ, իրականացվել են բացատրական աշխատանք, անչափահասների շրջանում իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ 150 շրջագայություններ, հանրակրթական դպրոցներում անցկացվել են իրավական թեմաներով 250 զրույց-զեկույցներ:
Ոստիկանության բաժնի սպասարկած վարչական տարածքի բոլոր դպրոցներում կան դպրոցական տեսուչներ, որոնք սերտ համագործակցում են դպրոցների տնօրինությունների հետ: Թեմայի շուրջ զրուցեցինք Գյումրիի համար 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի և 32 դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանի հետ. «Համագործակցությունը ես գնահատում եմ շատ դրական, շատ գովելի: Դպրոցում կան աշակերտներ, որոնք դժվար դաստիարակվող են, բացակայող են: Տեսուչների հետ սերտ համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքը»: «Մշտական զեկույցների, առանձնազրույցների միջոցով ամեն մի երեխայի հետ շերտավոր մոտեցում ունեն տեսուչները: Եվ ամենակարևորն այն է, որ մենք շատ համագործակցված՝ սինքրոն ենք աշխատում: Մեր միջև բարիերներ չկան: Մենք գիտենք, որ մեր նպատակը մեկն է՝ հանուն երեխայի և այդ նշանաբանով էլ մենք աշխատում ենք»:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ենթակայությամբ է գործում նաև «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքը: Միայն անցած տարի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են տարբեր հոդվածներով 44 հետախուզվողի: Ամենօրյա աշխատանք է տարվում նաև մարդկանց ապօրինի փոխադրման և աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ:
«Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները իրականացնում են շուրջօրյա ծառայություն՝ ապահովելով օդանավակայանում հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: Ձեռնարկված տարբեր միջոցառումների արդյունքում հայտնաբերվում են նաև տարբեր հոդվածներով հետախուզվողներ, ինչպես և բացահայտվում են հանցագործություններ», - նշեց «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արման Աբաջյանը:
Բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի և երրորդ սպայական ջոկի ծառայողները Գյումրիում շուրջօրյա պահպանում են հասարակական կարգը: Բացի այդ՝ հասարակական կարգ և անվտանգություն է ապահովվել զանգվածային մոտ 200 միջոցառումների ընթացքում: Անցած տարի պարեկապահակետայիններն ու հրեշտակները բացահայտել են հանցագործության 11 դեպք: Նրանց ծառայությունը տեսնում են բոլորը՝ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, իսկ աշխատանքի գնահատականը կարելի է գտնել անգամ համացանցում:
Հանուն արդարության պետք է նաև նշել, որ անցած տարվա մեծ մասը բաժինն աշխատել է ոչ այնքան բարվոք պայմաններում: Ոստիկանության Կումայրիի բաժնի վարչական շենքը բացվեց անցած տարվա աշնանը: Այն հագեցած է բոլոր հարմարություններով ու տեխնիկական միջոցներով: Այստեղ են կենտրոնացած նաև անձնագրային, փորձաքրեագիտական բաժանմունքերը, ճանապարհային ոստիկանության վաշտը, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության մասնաճյուղը: Ամեն ինչ ստեղծված է քաղաքացուն բարձրորակ ծառայություն մատուցելու համար: Եվ դա իրենց բարեխիղճ ծառայությամբ ապացուցեցին բաժնի ծառայողները՝ ստանալով լավագույնի կոչումը:
«Տարվա լավագույն ստորաբաժանում կոչումը խիստ պարտավորեցնող է մեր անձնակազմի համար: Անձնակազմը առավել պատասխանատվությամբ է վերաբերվում օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը, այն է՝ նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին», - մեզ հետ զրույցում նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հակոբյանը:
Ի դեպ, Շիրակի մարզը «լավագույնների առումով» ռեկորդակիր է: Հենց այս մարզից են ճանաչվել ոչ միայն 2018 թվականի տարվա լավագույն ստորաբաժանումը, այլև օպերլիազորը և պահպանության տեսուչը: Սա խոսում է մարզի ոստիկանության բարձր պատրաստվածության ու բարեխիղճ ծառայության մասին:
«Ես՝ որպես մարզային վարչության պետ, ընդհանուր առմամբ ծառայությունը գնահատում եմ դրական, որի արդյունքում էլ ունեցանք նման ձեռքբերումներ: Խնդիր կա դրված մարզային վարչության ստորաբաժանումների առջև, որ փոխանցիկ դրոշը ոստիկանության Կումայրիի բաժնից փոխանցվի կամ Մուշ, կամ Ախուրյան, կամ Արթիկ: Ես կարծում եմ, որ մեր տղաները կարդարացնեն իրենց ծառայության մեջ և դրոշը կմնա Շիրակի մարզային վարչությունում», - նշեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:
Որոշեցինք մի քիչ զբոսնել Գյումրիում ու ոստիկանների մասին կարծիք հարցնել քաղաքացիներից:
Սա մի փոքր անդրադարձ էր մեր երկրի ամենամշակութային, ամենասրամիտ ու կոլորիտային, գյումրեցիների լեզվով ասած՝ «հայրաքաղաքի» ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայության մասին:
Գյումրին այսօր ծաղկում է: Ամենուրեք նկատելի են բարձրացող շենքեր, բարեկարգվող փողոցներ ու մարդկանց ժպիտներ: Ոստիկանությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ գյումրեցիների խաղաղ, անվտանգ ու բնականոն կյանքն ապահովելու համար, ոստիկանները շարունակում են ծառայել օրենքին ու ժողովրդին, իսկ ամենաօբյեկտիվ գնահատականը քաղաքացու ջերմ ու շնորհակալական խոսքերն են լավագույն բաժնի լավագույն ոստիկաններին: