1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2019 թվականի լավագույն օպերլիազոր է ճանաչվել ոստիկանության կապիտան Օգսեն Հարոյանը

Ոստիկանության հատուկ հանձնաժողովի կողմից 2019 թվականի լավագույն օպերլիազոր ճանաչվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Օգսեն Հարոյանը: Որոշեցինք ծանոթանալ տարվա լավագույն օպերլիազորի աշխատանքային առօրյային, շնորհավորել, զրուցել ինչպես նրա, այնպես էլ գործընկերների ու ղեկավարների հետ:
Հանցագործությունների բացահայտման գործում քրեական հետախույզների աշխատանքն առանցքային նշանակություն ունի: Երևան քաղաքի վարչության օպերլիազորներն անմիջական նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքներից զատ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում նաև տարածքային ստորաբաժանումների հետ, բացահայտում ինչպես ընթացիկ, այնպես էլ նախկին տարիներին կատարված հանցագործություններ, հայտնաբերում հետախուզվողների: Վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, նաև իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերի հայտնաբերումը նրանց գործառութային պարտականությունն է, և Հարոյանը 2019 թվականին այս վտանգավոր ու պատասխանատու գործում է լավագույնը ճանաչվել:
«Դեռ դպրոցական տարիներից երազել եմ իրավաբան դառնալ: Սովորել և ավարտել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի իրավագիտության ֆակուլտետը: 2012թ. աշխատանքի անցնելով ոստիկանությունում` զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: 2017 թվականից մինչ օրս ծառայում եմ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում` որպես օպերլիազոր»,- ներկայացրեց իր անցած ուղին Օգսեն Հարոյանը: Սակայն տարվա լավագույն օպերլիազորի հետ մեր զրույցը ստիպված ենք ընդհատել: Տեղեկություններ էին ստացվել, որ ավազակային հարձակման համար հետախուզվողը տուն է վերադարձել և քիչ անց շենքից դուրս է գալու:
Մենք էլ հեթապահ խմբի հետ նշված հասցե մեկնեցինք:
Հարոյանը ցույց տվեց գործըներներին, թե հետախուզվողը որ հարկում է բնակվում, շենքի որ մուտքից է դուրս գալու: Իրավապահները դարանակալեցին: Սպասումի ևս մի քանի ակնթարթ` և հետախուզվողն արդեն ոստիկանների մեքենայում էր:
Միջոցառումը հաջողությամբ պսակվեց: Սակայն բերման ենթարկվածի վերաբերյալ անհրաժեշտ էր կազմել համապատասխան արձանագրություններ:

Ուստի զրույցը որոշեցինք շարունակել ավագ օպերլիազորի անմիջական պետի հետ` պարզելու, թե ինչու հենց Հարոյանին ներկայացրին լավագույն օպերլիազորի կոչմանը:
«Ավագ օպերլիազոր Օգսեն Հարոյանը ոստիկանությունում ծառայում է 2012 թվականից, աշխատասեր, պարտաճանաչ ծառայող է, հանձնարարությունները կատարում է ճիշտ և ժամանակին, վայելում անձնակազմի հարգանքն ու վստահությունը: 2019 թվականի ընթացքում Հարոյանը բացահայտել է հանցագործության 27 դեպք, դրանք հիմնականում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են. սպանություն, ավազակային հարձակում, կողոպուտ... Հայտնաբերել է նաև հետախուզվողների: Եվ այս ամենը հաշվի առնելով` որոշվեց նրան ներկայացնել տարվա լավագույն օպերլիազորի կոչմանը»,-մեզ հետ զրույցում ասաց 7-րդ բաժանմունքի պետ Էդվարդ Անդրիասյանը:
Ոստիկանության կապիտանին դրական են բնութագրում նաև գործընկերները: «Նրա հետ ծառայելիս քեզ ավելի վստահ ես զգում,-ասացին,- ուշադիր է, ցանկացած իրավիճակում արագ է կողմնորոշվում»:
Որքան էլ ընդհանուր գծերով պատկերացնում էինք օպերլիազորի աշխատանքը, այնուամենայնիվ, օրվա հերոսին խնդրեցինք մանրամասնել:
«Քրեական հետախույզի աշխատանքը հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, ամենածանր ու պատասխանատու ծառայություններից է: Լինում են իրավիճակներ, երբ պարզապես սխալվելու իրավունք չունես. իրավունք չունես հանցագործին օպերատիվ տեսադաշտից կորցնելու, դեպքի վայրում հանցափաստը չտեսնելու և այլն:
Ինչ վերաբերում է 2019 թվականի լավագույն օպերլիազորի կոչմանը, ապա դա կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Նման պարգևները պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»,-ասաց Հարոյանը:
Այսպիսին էր լավագույն օպերլիազորի մասին մեր բացահայտումը: Այլևս զբաղեցնել չենք կարող: Նրան մաղթենք բարի ծառայություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ: