Մեր հավերժության ուղեկիցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախյան պատերազմի տարիներին շատերը, իրենց մասնագիտությանը զուգահեռ, զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, իրական ռազմական գործողությունների մեջ կոփվեցին որպես պրոֆեսիոնալ զինվորական: Շատերի մեջ շատ էին նաեւ ներքին գործերի աշխատակիցներ, որ իրենց հերոսական ջանքերով, երբեմն կյանքի գնով կռեցին մեր հաղթանակը: Նրանցից մեկն էլ միլիցիայի սերժանտ Աշոտ Շամիլյանն էր:
Աշոտ Շամիլյանը ծառայում էր Երեւանի ներքին գործերի վարչության պետավտոտեսչության բաժնում: Օրինակելի ծառայող էր, իսկ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, դարձավ նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվոր՝ միլիցիայի աշխատակիցների հետ հերթափոխով պարբերաբար մեկնելով Արցախ, Հայաստանի սահմանամերձ տարածքներ:
«Երբ տանն ասաց, որ մամա, մեկնում եմ Ղարաբաղ, առաջին բառս սա էր՝ քո երեխաների մասին մտածե՞լ ես, երեքն են, ով է պահելու... «Մամա, գնալու եմ»՝ պնդեց: Նրա հայրենասիրությունը զսպել հնարավոր չէր: Հասկանում էի, որ Արցախն ազատագրել է պետք, բայց երբեք չեմ պատկերացրել, որ որդիս կարող է զոհվել: Անցել է քսաներեք տարի, բայց չեմ կարող Աշոտ անունը օրը տասը անգամ չարտասանել. հարսներին կլինի, հարեւաններին կլինի՝ առաջինը նրա անունն եմ տալիս: Ես ե՛ւ հպարտ եմ, ե՛ւ շնորհակալ իմ տղայի նման հերոս տղաներից: Նրանք հիմա իրենց հավերժությունից հսկում են մեր երկիրը, մեր Արցախը, մեր հաղթանակը»,- ասում է հերոսի մայրը, ու ցանկությունդ մեկն է՝ խոնարհվել նրա ցավի ու հպարտության առաջ...:
Ոստիկանության պաշտոնաթող մայոր Սպարտակ Սարգսյանը Աշոտ Շամիլյանի ծառայակիցն էր, մտերիմ ընկերը: «Աշոտը մեծատառով մարդ էր, իսկ ամենակարեւորը՝ երդվյալ հայրենասեր,- ասում է Սպարտակ Սարգսյանը: - Երբ երկրորդ անգամ գնաց ռազմաճակատ, դեռ լիովին չէր ապաքինվել. Լաչինում մարտերից մեկի ժամանակ ստացած վնասվածքը ծանր էր: Ընկերներով, դասակի հրամանատարի միջոցով բազմիցս խնդրեցինք, որ չգնա: Բայց նա մեզ չլսեց, կաղալով անգամ գնաց ռազմաճակատ»:
Աշոտ Շամիլյանի կրտսեր եղբայրը՝ Լեւոնը, եղբոր զոհվելուց հետո ծառայության անցավ ներքին գործերի համակարգում: Գործընկերները տեւական ժամանակ նրա մասին խոսելիս ասում էին՝ Աշոտի եղբայրը:
«Ծառայության եմ անցել նույն ստորաբաժանումում՝ ճանապարհային ոստիկանությունում: Աշոտին որպես ավագ եղբայր, որպես իդեալ եմ միշտ գնահատել: Մարտական ու աշխատանքային ընկերների պատմածներով առավել լավ ես պատկերացնում նրա կերպարը ու հպարտանում ես, որ ունեցել ես Աշոտի նման եղբայր: Ծառայության ժամանակ, հատկապես սկզբնական շրջանում, միշտ զգացել եմ եղբորս ներկայությունը: Հպարտությունից բացի պարտավորվածության, պատասխանատվության մեծ զգացողություն եմ ունեցել միշտ...»,- ասում է Լեւոն Շամիլյանը: Հետո ցույց է տալիս եղբոր սվին-դանակը, որ մասունքի պես է պահվում նրանց տանը: «Այս սվին-դանակը կողքից կախված է եղել, թշնամու գնդակը դանակին էր կպել, հետքը երեւում է: Այս դանակն է իմ եղբոր կյանքը առաջին անգամ փրկել»:
Օգտվելով Ղոչազում գերակա դիրքեր ունենալու հանգամանքից՝ հակառակորդը օղակի մեջ էր առել մեր տղաներին... Ղոչազի բարձունքը մերոնք ազատագրեցին ամիսներ անց՝ միլիցիայի ջոկատների ու Սյունիքի աշխարհազորայինների անձնազոհության շնորհիվ:
Աշոտ Շամիլյանը վերադարձավ ծառայողական պարտականություններին, բայց միտքն Արցախում էր...
1994 թվականի սկիզբն առանձնացավ լայնամասշտաբ ռազմական գործողություններով: Ծանր մարտեր էին Օմարում, Ֆիզուլիում, Հորադիզում... Մարտերում թրծված Աշոտ Շամիլյանը ներքին գործերի նախարարության հերթափոխով մեկնեց Հորադիզ: Նա հրաշալի տիրապետում էր զենքին, մարտավարություն գիտեր, եւ իր իմացությամբ ոչ միայն օգնում, այլեւ գոտեպնդում էր մյուսներին: Բայց Հորադիզը նրա մարտական ուղու վերջին կետն էր...
Ոստիկանության փոխգնդապետ Արշակ Գրիգորյանը Աշոտ Շամիլյանի ոչ միայն ծառայակիցն էր, այլեւ մարտական ընկերը: Աշոտ Շամիլյանի զոհվելուց հետո նույն դիրքերում փոխարինեց նրան: «Շատ հումորով, սրամիտ մարդ էր: Ամեն անգամ, թե՛ դասակում, թե՛ Ղարաբաղում, անպայման պետք է անեկդոտ պատմեր: Ասում էր՝ տղերք, այսօր նոր անեկդոտ եմ լսել, ու իր համով-հոտով բառապաշարով սկսում էր....
Ռազմաճակատ մեկնելիս զոհվելու մասին ամենեւին չէինք մտածում: Գնում էինք, որ հաղթենք: Ու հաղթեցինք, թեեւ շատ թանկ կորուստներ ունեցանք, հրաշալի, քաջ տղերք կորցրինք, ինչպիսին Աշոտ Շամիլյանն էր...»,- ասում է Արշակ Գրիգորյանը՝ հավաստիացնելով՝ եթե հարկ լինի, իրենք դարձյալ սահման պահող զինվորի կողքին կկանգնեն: Ինչպես մի՛շտ:
Մեր ստեղծագործական խմբի հաջորդ կանգառը ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Աբովյանի անշարժ պահակակետն է: Այստեղ են ծառայում Աշոտ Շամիլյանի ծառայակից ընկերները՝ Հրանտ Գալստյանը, Վահան Մինասյանը, եղբայրը՝ Լեւոն Շամիլյանը: «Հրաշալի ընկեր էր Աշոտը՝ պատրաստակամ, վստահելի, ազնիվ,- վկայում են նրանք, - զոհվելուց հետո նրա պակասը շատ էինք զգում»:
«Մի անգամ երբ վիրավորվելուց հետո հիվադնանոցում էր, ասացինք՝ Ղարաբաղ գնալու մեր հերթն է, ինչ¬որ խորհուրդներ տուր: Ասաց՝ ես չեմ թողնի, որ դուք գնաք, դեռ շատ ջահել եք: Ու ինքը կամավոր բոլորիս տեղը մեկնում էր...»:
«Մեր Աշոտը միշտ մեզ հետ է»,- հավաստիացնում են նրա գործը շարունակողները: Այդպե՛ս է: Հայրենիք պահած տղաները միշտ ներկա են, նրանք Հայաստանի հավերժության ուղեկիցն են...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ